Որտեղ կհուղարկավորվի Շարլ Ազնավուրը

Այս պահին էլ մարդկանց հոսքը դեպի Շարլ Ազնավուրի հրապարակ չի դադարում: Հազարավոր քաղաքացիները ծաղիկներ են դնում ու մոմեր վառում՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ Շանսոնյեի մահվան առիթով:

Շարլ Ազնավուրի հրապարակ էր եկել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այլ անդամներ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Շարլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր: Վարչապետն ասաց, որ ցավոք սրտի Ազնավուրի հետ չի հասցրել հանդիպել. «Պլանավորվում էր, որ հանդիպում տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, բայց դա չհաջողվեց»:

Վարչապետի խոսքով, քանի որ ծանոթ չի եղել Ազնավուրին, իր հուշերում նա մեծ երգիչ է, ազգային հերոս ու ազգի նվիրյալ է. «Հայաստանի հանրապետության գործում մեծ ավանդ ունեցող մարդ, բազմաթիվ հայերի եւ այլ ազգերի ներկայացուցիչներին ոգեւորած, սեփական օրինակով ներշնչած մարդ, որը համաշխարհային արվեստի պատմության մեջ իր տեղն ունի եւ դեռ երկար ու երկար կապահովի»:

Ինչ վերաբերում է, թե որտեղ կհուղարկավորվի մեծ երգիչը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կախված է այն բանից, թե նա իր հարազատներին ինչ պատգամ է թողել՝ որտեղ իրեն հուղարկավորեն. «Այս պահին դրա վերաբերյալ մենք ունենք նախնական տեղեկատվություն եւ ես ձեռնպահ կմնամ ինչ-որ բան ասելու: Մենք պետք է սպասենք եւ տեսնենք ինչ կասեն ընտանիքի անդամները»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը պատասխանելով հարցին, թե ո՞րն է Ազնավուրի երգացանկից նրա սիրած երգը, ասաց, որ սիրած երգն այն է, որը վերջինն ես լսել: Դեսպանի խոսքով, Շարլ անզնավուրն ավելի էր, քան մի ժամանակաշրջան. «Ազնավուրը մի ամբողջ դար էր ֆրանսիական երգի, ֆրանսիական հարաբերությունների եւ նրա ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նրա երգերն ապրելու են ընդմիշտ»:

Ժոնաթան Լաքոտը նաեւ ասաց, որ դեսպանության անձնակազմը շոկի մեջ է եւ մեծ տխրություն են ապրում Ազնավուրի մահվամբ: Դեսպանատան այսօր դրել են Մեծ Շանսոնյեի լուսանկարը: Դեսպանի խոսքով ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքն է, այլեւ ֆրանսիացիներն են տխրել այս լուրը լսելով. «Այսօր, կարելի է ասել, ֆրանսիացիները եւ հայերը մեկ ազգ դարձան»: