Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր

lragir.am-ը գրում է

ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակի երեկվա քվեարկած աղմկահարույց օրինագծի հեղինակը ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Այդ նախագծով նախատեսվում է, որ եթե ժողովուրդն օրինակ շրջափակի ԱԺ շենքն ու այս եռյակին թույլ չտա վարչապետ ընտրել, այդ նիստերը չեն համարվում տապալված, եւ 14-օրյա ժամկետն այս դեպքում չի գործում, ու խորհրդարանն էլ չի ցրվում:

Արփինե Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ զրույցում չքմեղանում էր, որ այդ օրինագիծը կապ չունի ներկայում ստեղծված իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է հրաժարական տալու եւ ԱԺ լուծարման միջոցով արտահերթ ընտրության գնալու տարբերակը: Նա չքմեղանում էր, բայց աչքերի մեջ «սատանաներ էին թռչկոտում»:

Արփինեն խիստ հուզմունքի մեջ էր այս տարվա մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր վարչապետ: Առաջին անգամ ՀՀԿ-ն տապալեց քվեարկությունը, իսկ Արփինեն հուզական գրառումներ էր անում ատելության մթնոլորտի, սոցիալական ցանցերում կոշտ ու վիրավորական գրառումների մասին:

Երեկ էլ այդ օրինագծի քվեարկության կապակցությամբ նա լրագրողներին գանգատվում էր ատելության մթնոլորտից: Հետաքրքիր է՝ դրանով նա վրե՞ժ էր լուծում, փորձում էր կանխե՞լ այդ մթնոլորտը, թե՞ արդյունքում ավելի սրեց այն:

ՀՀԿ-ի շեֆերից մեկը համոզված էր, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ: Բայց առանձնահատուկ խելք էր պետք ունենալ նման օրինագիծ անցկացնելու համար, որ երեկ ցուցաբերեց ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը: Նրանց մոտիվացիան իհարկե պարզ է՝ ամեն կերպ ձգել իրենց գոյությունը խորհրդարանում եւ զիջումներ կորզել կառավարությունից՝ նոր խորհրդարանում քվոտաների համար: Նրանք սովոր են, որ խորհրդարանի տեղերը բաշխվում են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածություններով, իսկ մնացածն անում են արդեն փողը, թաղային խուժանն ու թափթփուկները:

Զուր չէ, որ ՀՅԴ-ն պահանջում է ոստիկանության վերաենթարկում խորհրդարանին: Նպատակը փողի ու խուժանի անարգել ներգրավումն է ընտրություններին, ինչի բացակայությունն այս կուսակցությունները իրենց կաշվի վրա զգացին Երեւանի ավագանու ընտրությանը:

Հայաստանի խորհրդարանի հիմքը փողն ու խուժանն են: Նման խորհրդարանը ոչ միայն լեգիտիմ չէ, այլեւ քաղաքական-մշակութաբանական առումով դեգրադացնում է Հայաստանի պետականությունը: Իսկ այստեղ հավաքված քրեա-օլիգարխիայի համակարգի մնացորդները բացահայտվեցին լիովին՝ թե իրենց մոտիվացիայի, թե դեգրադացվածության աստիճանի առումով:

Արփինեն իր նախագծով «օգնեց» նրանց այդ գործում: Այս խորհրդարանի լուծարումից հետո կվերանա նաեւ ատելության մթնոլորտը Հայաստանում, ինչն այդքան հուզում է Արփինեին: