Հախճապակե զուգարանակոնքեր՝ պատգամավորների համար, Մհեր Սեդրակյանի ՍՊԸ-ից

factor.am-ը գրում է

6-րդ գումարման Ազգային ժողովի լուծարման շուրջ ծավալվող կրքերին զուգահեռ խորհրդարանում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում, որոնց համար ԱԺ աշխատակազմը ծախսում է միլիոնավոր դրամներ։ 2018 թվականի հուլիսի 18-ից Ազգային ժողովում մինչև այսօր շարունակվում են 24 սանհանգույցների նորոգման աշխատանքները: Խորհրդարանն այս աշխատանքների իրականացման համար կառույցի բյուջեից վճարել է 53 մլն դրամ, որը համարժեք է  110 հազար ԱՄՆ դոլարի: Այս մասին տեղեկացանք  Ազգային ժողովի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան: Պարզեցինք, ոչ Ազգային ժողովի աշխատակազմը հարկատուների հաշվին որոշել է լյուքս զուգարաններ ապահովել պատգամավորների համար:  Այսպես․ կառույցը ձեռք է բերել հախճապակե 30 զուգարանակոնք  2 մլն 250 հազար դրամով, սենսորային 24 ծորակ՝ 2 մլն դրամով, ձեռքի չորացնող 24 ապարատ՝ 5 մլն 700 հազար դրամով, իսկ սանհանգույցների պատուհաններն արժեցել են 4 մլն 500 դրամ: Այս աշխատանքները կատարելու նպատակով հայտարարված մրցույթի համար հայտ է ներկայացրել 11 կազմակերպություն: Սակայն ԱԺ-ն  պայմանագիր է  կնքել  «Բիդեք» ՍՊԸ-ի հետ: Սա պատահական կազմակերպություն չէ: Այն պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բազմաթիվ սկանդալային պատմությունների հետևում կանգնած Մհեր Սեդրակայանին: Այս տեղեկությունը մեզ հետ  զրույցում ոչ պաշտոնապես հաստատեցին նաև ԱԺ-ում աշխատող ՍՊԸ-ի մի քանի բանվորներ: Էլեկտրոնային ռեգիտսրի կայքում որպես «Բիդեք» ՍՊԸ-ի հիմնադիր նշված է Գառնիկ Ավետիսյանի անունը: Նա մեր աղբյուրների փոխանցմամբ՝  Մհեր Սեդրակյանի ընկերն է: Ի դեպ, ՍՊԸ-ի գտնվելու վայրը «Սփյուռ» տեղեկատվական համակարգի համաձայն Էրեբունի վարչական շրջանում է, որտեղ նախկին իշխանությունների օրոք իրեն  տեր-տիրական էր զգում Սեդրակյանը։ Մամուլի արխիվներից պարզ է դառնում, որ «Բիդեք» ՍՊԸ-ն 2015 թվականին 83 մլն-ի շրջանակներում մեկ այլ կազմակերպության  հետ ևս ԱԺ-ում վերանորոգման աշխատանքներ է իրականացրել:

«Բիդեք» ՍՊԸ-ն մոտ 200 մլն դրամով վանդակներ է կառուցել նաև Երևանի կենդանաբանական այգում: «Բիդեք» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն Ազգային ժողովում սանհանգույցենրի վերանորոգման վերջնական աշխատանքները պետք է ավարտվեին սեպտեմբերի 19-ին: Սական դրանք  դեռ շարունակվում են:

Սա ժամկետների խախտում է, և ըստ պայմանագրի,  ԱԺ-ն կարող է յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճարվելիք գումարից պահել զրո ամբողջ հինգ հարյուրերոդականի չափով: Սանհանգույցների կապիտալ վերանորոգմանը զուգահեռ ընթանում են նաև Ազգային ժողովի թանգարան-գրադարանի նորոգման աշխատանքները: Շինարարություն իրականացնելու համար մրցույթին մասնակցել է 19 կազմակերպություն, արդյունքում կնքվել է պայմանագիր «Կարպ-Գազ-Ռադ» ՍՊԸ-ի հետ՝ 6 720 000 ՀՀ դրամի շրջանակում: 6 մլն ՀՀ դրամի շրջանակում էլ «Աբակ» ՍՊԸ-ն ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում մամուլի կենտրոնի նորոգման աշխատանքներ է իրականացրել: Նույն ՍՊԸ-ն 5 մլն 436 դրամի շրջանակներում վերանորոգում է նաև ԱԺ-ի միջանցքները: Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության և լրատվության վարչությունից մեր գրավոր հարցմանն  ի պատասխան նշել էին, որ վերանորգման աշխատանքների հետ կապված առանձին շինանյութեր ձեռք չեն բերվել, դրանք մտնում են աշխատանքների կատարման համար հատկացված գումարի մեջ: Ի դեպ, այս կապիտալ վերանորոգումների համատեքստում էլ նշենք, որ Ազգային ժողովն ամռան ամիսներին նոր ուղեգորգ էր ձեռք բերել: Մեկ ուղեգորգն արժեցել էր 5 մլն 100 հազար դրամ:

© factor.am