Պատգամավոր դառնալուց հետո դուրս եմ գալու հանրապետականից. Մարտուն Գրիգորյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո մանդատը թափուր էր մնացել։ Վերջինիս փոխարեն Գյումրիից ընտրված հաջորդ պատգամավորը Մարտուն Գրիգորյանն է։ Վերջինիցս Armday.am-ըփորձել է ճշտել, թե պատրաստվում է արդյո՞ք վերցնել մանդատը։

-Ինչպիսի՞ն է Ձեր որոշումը, պարոն Գրիգորյան:

-Ես ռեյտինգայինով ընտրված պատգամավոր եմ: Այս օրերին մենք քննարկել ենք թիմով՝ արդյո՞ք պետք է վերցնել մանդատն այս երկու ամսվա համար, քննարկում եմ ունեցել և՛ թիմակիցների հետ և՛ իմ ընտրողների որոշակի զանգվածի հետ: Բոլորի կարծիքը եղել է միանշանակ վերցնել մանդատը, քանի որ մոտ 11.000 մարդ վստահել և քվեարկել է իմ օգտին, այդ մարդկանց առջև պատասխանատվություն ունեմ, էս մանդատը ժողովրդինն է: Մանդատը մինչ այս Ֆելիքս Ցոլակյանի մոտ գտնվելով ծառայել է ժողովրդին, ինձ մոտ էլ գտնվելով անվերապահորեն ծառայելու է ժողովրդին՝ ոչ միայն ԱԺ-ում, այլև բոլոր հարթակներում՝ արտահայտելով ժողովրդի կամքը:

-Պարոն Գրիգորյան, մնալու ե՞ք ՀՀԿ խմբակցության կազմում:

-Ես Հանրապետական կուսակցության անդամ չեմ ու չեմ եղել երբևէ: Մանդատը վերցնելուց հետո դուրս եմ գալու ԱԺ հանրապետական խմբակցությունից և թեկուզ 2 ամիս կամ 1 օր աշխատելու եմ որպես անկախ պատգամավոր՝ գործելով խղճիս մտոք և ժողովրդի կամքով: