Յուվեցի Կարոն հայհոյել է, ինչից հետո Կարամելի Հարութը կրակել. նոր մանրամասներ

armtimes.com-ը գրում է

Հոկտեմբերի 6-ի գիշերը Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. սպանվել է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), ապա նախնական վարկածով՝ ինքնասպան եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

Սպանությունը տեղի է ունեցել «Այգի» հացատանը՝ ժամը 22:00-ի սահմաններում: Նշված վայրում հանդիպելիս են եղել Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը, նրա թիկնապահ համարվող 57-ամյա Սարգիս Ավագյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Բանն այն է, որ Կարամելի Հարութն ու Յուվեցի Կարոն տեւական ժամանակ է՝ գույքային տարաձայնություն են ունեցել եւ այդ օրը հանդիպել էին՝ այդ թեմայի վերաբերյալ զրուցելու: Հանդիպումը, սակայն, վերածել էր վիճաբանության, ապա սպանության: Ըստ նախնական վարկածի՝ Հարություն Ղարագյոզյանը իր մոտ եղած «Բերտտա» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Կարո Կարապետյանի ուղղությամբ, ապա նաեւ նրա թիկնապահ համարվող Սարգիս Ավագյանի: Կարապետյանը 4 հրազենային վնասվածք է ստացել, մեկը՝ ձախ կրծքավանդակի, մյուսները՝ ձախ թիկունքի, պարանոցի հատվածներում: Ստացած հրազենային վնավածքներից Կարապետյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Իսկ նրա թիկնապահ Սարգիս Ավագյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը որպես սպանությունը կատարողի որոնում էր Կարամելի Հարութին, սակայն նրան հայտանաբերեցին սպանության հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիի արտադրամասերից մեկի շենքի 2-րդ հարկում՝ մահացած: Նրա դին հայտանաբերվել էր քունքի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ ձեռքին՝ ատրճանակ: Ըստ նախնական վարկածի՝ Ղարագյոզյանը սպանությունից հետո ինքնասպան է եղել:

Ըստ մեր տեղեկությունների՝ Հարություն Ղարագյոզյանն ու Կարո Կարապետյանը հոկտեմբերի 6-ին հանդիպելիս են եղել երկրորդ անգամ: Առաջին անգամ հանդիպել են կրկին գույքային վեճի հետ կապված զրուցելու, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ապա գիշերը կրկին հանդիպում են կազմակերպել «Այգի» հացատանը: Նրանք զանգահարել են ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին եւ խնդրել՝ իրենց զրույցին ներկա լինել: Մանուկյանն այդպես էլ արել է ու ժամանել «դեպքի վայր»: Ըստ նախնական տեղեկության՝ զրույցը վերածվել է վիճաբանության, ինչի ժամանակ էլ Կարո Կարապետյանը հայհոյել է Հարություն Ղարագյոզյանին, նա էլ զայրացել է եւ հանելով ատրճանակը՝ կրակոցներ արձակել Կարապետյանի ուղղությամբ: Ինչից հետո Աբրահամ Մանուկյանը ահազանգել է ոստիկանություն, իսկ Հարություն Ղարագյոզյանը լքել դեպքի վայրը: Ըստ մեր նախնական տեղեկությունների՝ Ղարագյոզյանն այդ օրը հանդիպել է ընկերների հետ եւ ասել, որ «նրա պատճառով չի գնալու նստի»: Ապա Ղարագյոզյանը գնացել է ընկերոջ արտադրամաս, որտեղ էլ ըստ վարկածի՝ տեղի է ունեցել ինքնասպանությունը. դեռ հայտնի չէ, թե ե՞րբ է Ղարագյոզյանը կրակել իր վրա, դեպքի օրը՞, թե՝ հաջորդ օրը առավոտյան. նրա դին իրավապահները հայտնաբերել են հոկտեմբերի 7-ի կեսօրին՝ 12:00-ի սահմաններում: Ղարագյոզյանի երկու զենքերն էլ օրինական են եղել. դեպքի վայրում հայտնաբերված «Բերետտա» ատրճանակը նրան նվիրած է եղել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մանուկյանը: Մյուս ատրճանակը, որը հայտնաբերվել է արտադրամասում, Ղարագյոզյանին տրվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից:

Գործով առանցքային ականատես վկա Աբրահամ Մանուկյանը արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է: Նա մեր զրույցում չցանկացավ խոսել դեպքի մասին. «Իրավապահները զբաղվում են, վերջ: Ես տեղեկություն չեմ տալիս, քանի որ քննություն է գնում»,- այսքանով եզրափակեց նախկին պատգամավորը:

Թե ինչ գույքային վեճ են ունեցել նախկին պատգամավորները մեզ պարզել չհաջողվեց:

Սպանված Կարո Կարապետյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է արյունալի իրադարձությունների կենտրոնում: Նախ նշենք, որ վերջինս ծնունդով Արարատի մարզի Շահումյան համայնքից է: Շահումյան համայնքը նախկինում կոչվել է Յուվա, ու այստեղից էլ առաջացել է պատգամավորի մականունը: Նրա հայրը՝ Երեմ Կարապետյանը, նույնպես եղել է պատգամավոր. նա մահացել է 2006 թ.-ին:

ԲՀԿ-ական պատգամավորը մասնագիտությամբ իրավագետ էր ու մինչ պատգամավոր դառնալը աշխատել է ուժային կառույցներում: 1991-ին ավարտել է Կիեւի ոստիկանական ակադեմիան: 1997-2003-ին եղել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի օգնական, իսկ 2003-2007-ին՝ ՆԳՆ Աշտարակի բաժնի պետ: 2007-ին տեղ է զբաղեցրել ԲՀԿ համամասնական ցուցակում ու հայտնվել խորհրդարանում: 2012-ին նույնպես Կարոն իր տեղն է ունեցել ԲՀԿ ցուցակում ու դարձել է պատգամավոր:

Հայկական մամուլը բազմիցս է գրել 2009 թվականին Կարո Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցների մասին:

2009 թվականի հոկտեմբերի հինգին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Կարո Կարապետյանը Երասխ-Երեւան ավտոճանապարհին իրեն պատկանող «Մերսեդես» մեքենայում վեճի էր բռնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: Վերջինս հարվածել էր Յուվեցի Կարոյին, իսկ Կարոն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակից կրակ էր բացել Զադոյանի վրա: Փամփուշտները վնասել էին Զադոյանի ուսն ու ոտքերը: Բացի հրազենային վնասվածքներ պատճառելը, Կարո Կարապետյանը նաեւ ծեծել էր Զադոյանին, ինչի հետեւանքով վերջինս ստացել էր ուղեղի ցնցում: Դեպքը հանրային լայն արձագանք ստացավ, այն ժամանակվա Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը անգամ կարծիք էր հայտնել՝ ասելով, որ Կարո Կարապետյանը պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Սակայն հետո, դատարանի որոշմամբ, Յուվեցի Կարոն գործով ճանաչվեց տուժող՝ չնայած նրան, որ հենց ինքն էր կրակել Զադոյանի վրա, իսկ վերջինս էլ մեղադրյալ: Ավելի ուշ՝ գործի վարույթը կասեցվեց, ու ինչքան էլ Արթուր Զադոյանը պատկան մարմիններին բողոքներ հղեց, գործն այդպես էլ փակվեց: Այս գործը, սակայն, մի քանի տարի անց վերաբացվել էր. Զադոյանը մեղավոր էր ճանաչվել Կարապետյանին միջին ծանրության վնաս պատճառելու մեջ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ վաղեմության հիմքով: Իսկ Զադոյանի վրա կրակոցներ արձակելու համար Կարո Կարապետյանն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել՝ «ինքնապաշտպանվել էր»:

Մանրամասն` այստեղ