«Դեկտեմբերին ընտրությունները ահավոր կլինեն. մենք կդառնանք Ադրբեջանը». Դավիթ Շահնազարյան

168.am-ը գրում է

168.am-ի զրուցակիցն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը

– Պարոն Շահնազարյան, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների հաստատումից հետո կտրուկ լարվեց իրավիճակը ներքաղաքական կյանքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաք հրավիրեց ԱԺ շենքի մոտ, ապա տեղի ունեցավ խոսակցություն խմբակցությունների հետ, որի արդյունքներով վարչապետը հայտարարեց իր հրաժարականի միջոցով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին, իսկ ընդդիմությունը, ի դեմս ՀՀԿ–ի, հայտարարեց, որ բանակցություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում ՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության դիրքորոշումները

– Նախ՝ ուղղակի մի ուղղում մտցնեմ Ձեր հարցի մեջ. վարչապետն իր համակիրների հետ ներխուժեց ԱԺ տարածք, դա ավելի ճիշտ ձևակերպում է, որովհետև դա փաստ է։ Նախ՝ այն մասին, թե ինչ փոփոխություն մտցրեց ԱԺ-ն կանոնակարգում, որովհետև հանրության մեծ մասը բացարձակապես տեղյակ չէ դրանից։ Կառավարության ներկայացուցիչները դա ներկայացնում են՝ որպես վարչապետի դեմ արված քայլ, սակայն իրականությունը հետևյալն է. եթե ԱԺ պատգամավորները, իրենցից չկախված պատճառներից ելնելով, չեն կարողանում նիստը շարունակել կամ գումարել, ապա դա համարվում է ընդհատված նիստ: Սա հատկապես այս իրավիճակի համար չափազանց բնական օրենք էր, որովհետև եթե այն, ինչ ասում եք, հերթական անգամ տեղի ունենա, և նիստը խափանվի, ինչով Կառավարությունը բազմիցս սպառնացել է ԱԺ-ին, ապա և ենթադրենք՝ ԱԺ-ն որոշ ժամանակ չկարողանա այդ պատճառով ԱԺ նիստեր գումարել, ապա չի համարվի, որ ԱԺ-ն չի աշխատում, անգործունակ է և, օրենքի համաձայն՝ կարող է ցրվել։

Ակնհայտ է, որ սա Կառավարության ծրագրերի մեջ էր մտնում, և այս օրենքով ԱԺ-ն չեզոքացրեց այդ ծրագիրը, ինչը շատ բնական է։ Գործարարներից մեկն ինձ նման համեմատություն ներկայացրեց. «Օրինակ` եթե ես գործարանի դռները փակեմ, աշխատողներիս մեկ շաբաթ չթողնեմ ներս գան, և հետո, երբ նրանք ներկայանան աշխատանքի, ասեմ՝ ես Ձեզ հեռացնում եմ աշխատանքից, որովհետև երեք օր անհարգելի բացակայել եք»։ Սա նույն բանն է։ Կառավարությունը և հատկապես վարչապետն անընդհատ հրահրում են անկայունություն ՀՀ ներքաղաքական կյանքում։ Այսինքն՝ անկայունության աղբյուրը, որը շատ բնական է, դարձել է ներկայիս Կառավարությունը։

– Ինչպե՞ս է հրահրում։ Նշում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ…

– Եկեք հերթով գնանք։ Առաջին օրակարգային հարցը, որը վարչապետն առաջ քաշեց, ներդրումներն էր, ապա՝ կոռուպցիայի դեմ պայքարը, Մարտի 1-ի բացահայտումը, հետո՝ հակահեղափոխության դեմ պայքարը, և ներկայումս` ԱԺ լուծարումը։ Ներդրումային ծրագիրն ամբողջապես տապալված է։ Որևէ ներդրողի մտքով անգամ չի անցնի ներդնել մի երկրում, որտեղ վարչապետը հայտարարում է, որ ոչ թե օրենքը, ոչ թե անկախ դատարանները, այլ ինքն է անձամբ ներդրումների երաշխավորը, որ ամեն մի ներդրողի կկցվի անվտանգության մի սպա: Այնուհետև` «փռել ասֆալտին», «ծեփել պատին» սպառնալիքների դեպքում՝ որևէ ներդրողի մտքով չի անցնի այդպիսի երկրում ներդրում անել։ Ուստի ներդրումների իսպառ բացակայության պատճառն ինքը՝ Կառավարությունն է։

– Հեղափոխական շրջանակները պնդում են, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս երկրում ներդրումներ և տնտեսական ակտիվություն հնարավոր չէ։

– Կառավարությունն ասում է՝ երկրում ոչ մի լավ բան չի լինի, ներդրումներ չեն լինի, բարեփոխումներ չեն լինի, արևը չի ծագի… (ծիծաղում է.- Ա.Մ.) Դրանք բացարձակապես անհիմն պնդումներ են։ Փաշինյանի կառավարության երկրորդ առաջնահերթությունը, այսպես կոչված, կոռուպցիայի դեմ պայքարն էր: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել։ Մենք ականատես եղանք շոուի մեծ տարրեր պարունակող ձերբակալությունների, կալանավորումների, բայց եկեք արձանագրենք մեկ պարզ փաստ, որ այսօր այդ բոլոր ձերբակալվածներից, չեմ ուզում թվարկել, ազատազրկված է միայն Մանվել Գրիգորյանը, մնացածն ազատ են արձակվել ինչ-ինչ պատճառներով։

Իմիջիայլոց, քանի դեռ Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ դատարանի որոշում չկա, որևէ մեկն իրավունք չունի նվաստացնել, ստորացնել Մանվել Գրիգորյանին: Բոլորս էլ լավ գիտենք Մանվելին, շատ լավ գիտենք, անկախ նրանից, թե նա ինչ է արել, թե նա ինչում է մեղադրվում, Մանվել Գրիգորյանը մեր հայրենիքի առաջ մատուցել է այնքան ծառայություններ, որ այսօր գործող Կառավարությունը՝ բոլորը միասին վերցրած, դրա կեսն էլ չեն արել: Եվ Մանվել Գրիգորյանը վաստակել է, որ նույնիսկ մեր այս ոչ իրավական երկրում իր նկատմամբ լինի արդար քննություն, արդար դատավարություն, և որևէ մեկը չհամարձակվի, քանի դեռ դատարանի վճիռ չկա, նրան նվաստացնել և ստորացնել։ Վերադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ ես կասեմ, որ որևէ քայլ չի արվել։

– Բայց վարչապետը պնդում է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։

– Գիտեք, դա այնքան է համապատասխանում իրականությանը, որքան այն, երբ 80-ական թվականներին հայտարարում էին, որ Խորհրդային Միությունում սեքս չկա։ Ներկայիս Կառավարությունը չի էլ հասկանում ընդհանրապես, ցավոք սրտի, թե ինչ է իրենից ներկայացնում կոռուպցիա երևույթը։ Կոռուպցիան ունի շատ ու շատ բաղադրիչներ, բայց դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը սոցիալական բաղադրիչն է։ Չի կարելի ոստիկանության սպային վճարել, ենթադրենք, 300-350 դոլարին համարժեք աշխատավարձ և պահանջել, որ նա ազնիվ լինի, որովհետև այդ աշխատավարձով նա պարզապես արժանապատիվ ապրել չի կարող։ Չի կարելի բանտի հսկիչին վճարել 80 կամ 100 հազար դրամ աշխատավարձ և պահանջել, որ նա ազնիվ լինի։ Բնական է, չէ՞, որ կոռուպցիան բարգավաճում և ծաղկում է աղքատ երկրներում. որքան երկրի կենսամակարդակը բարձր է, այնքան կոռուպցիայի մակարդակը ցածր է։

Առանց այս բաղադրիչը լուծելու՝ կոռուպցիայի դեմ կարելի է ժամանակավորապես պայքարել վախի մթնոլորտի ներքո։ Մինչև այս բաղադրիչն իր լուծումը չգտնի՝ կոռուպցիայի դեմ որևէ պայքար լինել չի կարող։ Կոռուպցիայի դեմ պայքարը, առաջին հերթին, բարեփոխումներն են, ինչից այս Կառավարությունը սարսափում է, որովհետև ոչ մի ծրագիր չունի։ Իմիջիայլոց, ասեմ` տեսեք, թե ԱԺ-ում ինչ իրավիճակ է ստեղծվել. օրակարգ չկա, քանի որ Կառավարությունն օրինագծեր չի ներկայացնում։ ՀՀ-ում երբեք նման բան չէր եղել. ընդհանրապես օրինագծերը միշտ եղել են բավականին շատ, որևէ երկիր չեմ տեսել նման իրավիճակում։ Պետք է արժանապատիվ աշխատավարձ տալ առաջին հերթին այն ոլորտների աշխատակիցներին, որոնք կոռուպցիոն տեսակետից վտանգավոր են։ Դրա համար պետք են բարեփոխումներ։

Օրինակ` Հայաստանում շատ մեծ է մեկ շնչին ընկնող ոստիկանների թիվը։ Շատ կոպիտ օրինակ եմ բերում. կարելի է, չէ՞, 50 տոկոսով կրճատել և գոնե բարձրացնել մյուսների աշխատավարձերը, բայց այս Կառավարությունը երբեք նման քայլի չի գնա, քանի որ ներկայիս Կառավարության միակ շարժիչ ուժն ամբոխահաճությունն է, այսպես կոչված՝ պոպուլիզմը։ Կոռուպցիան բազմաշերտ ու բարդ բնագավառ է, որն արմատախիլ անելու համար լուրջ ծրագիր է անհրաժեշտ: Ավելին, կոռուպցիա կա, կոռուպցիան գնալով ավելի մեծանալու է, դրանում որևէ կասկած չունեմ: Ուստի արվածը բացարձակ անպատասխանատու հայտարարություն էր։ Անցնենք Մարտի 1-ի քննությանը։

– Մարտի 1-ը բացահայտվա՞ծ է։

– Վարչապետը հայտարարում է, որ բացահայտված է, այնինչ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, ըստ էության, բացի այն երեք անձերից, որոնց մեղադրանք է առաջադրվել, մենք ոչինչ չգիտենք։ Եղել են տասը սպանություններ, շատ ու շատ դեպքեր են տեղի ունեցել։ Ավելին, ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տապալել է Մարտի 1-ի բացահայտումը ու այդ գործն ուղղակիորեն տապալել է: Քննությունն ընթանում է շատ վտանգավոր ուղիով, առայժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել։ ՀՔԾ-ի պետը, դիվանագիտական լեզվով ասած, ինձ հիասթափեցրեց՝ որպես իրավաբան։

Ընդհանրապես կուզեի ասել, որ այս 5 ամսվա ընթացքում մեր պետականությունը չափազանց թուլացել է։ Նույն ՀՔԾ պետի վերաբերյալ, իրավաբանը չի կարող իրեն թույլ տալ նման ձևակերպումներ: Օրինակ՝ եթե հիշում եք, երբ Վերաքննիչ դատարանի վճռով Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց, ՀՔԾ պետը հայտարարեց, որ դա ապօրինի վճիռ է։ Դատարանի վճիռն օրենք է, այսինքն` ՀՔԾ պետը հայտարարեց, որ օրենքն ապօրինի է։ Սա իրեն թույլ չէր տա նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի առաջին կամ երկրորդ կուրսի ուսանողը։ Երկրորդ, եթե ապօրինի է, այդ դեպքում վերոհիշյալ անձի ուղղակի պարտականությունն է՝ քրեական հետապնդում սկսել այդ դատավորի նկատմամբ։

Ի՞նչ մեղադրանք է հարուցվել այդ երեք անձերին՝ ես նկատի ունեմ ՀՀ երկրորդ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախկին նախարարին և նախկինում ՊՆ տեղակալ Յուրի Խաչատուրովին. մեղադրանքը հիշո՞ւմ եք` սահմանադրական կարգի տապալում, ոչ թե՝ տապալման փորձ, այլ՝ տապալում: Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, թե դրանից ինչ հետևանքներ են բխում։ Նշանակում է, որ 2008 թվականի մարտի մեկին տապալվել է ՀՀ-ում սահմանադրական կարգը, և դրանից հետո 10 տարի ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում` ընտրություններ, ԱԺ որոշումներ, միջազգային պայմանագրեր, դրանք բոլորը սահմանադրական կարգից դուրս են։

Եվ կարելի էր ավելի առարկայական մեղադրել: Այո, ես մեղադրում եմ ՀՔԾ պետին, որ նա տապալել է Մարտի 1-ի քննությունը։ Ավելին, ես առաջարկել էի, որպեսզի միջազգային փորձագետներ, քննիչներ ներգրավվեն, որպեսզի հնարավորին չափ չքաղաքականացվի բացահայտման այդ գործընթացը։ Ինչպե՞ս մենք կարող ենք Մարտի 1-ի էջը փակել: Հասարակությունը պետք է վստահ լինի քննության արդյունքներին։ Դա կլիներ միայն այն դեպքում, եթե միջազգային ներկայություն լիներ քննությանը, այլապես յուրաքանչյուր հաջորդ իշխանություն կբացի այս գործը՝ ըստ իր քաղաքական նպատակահարմարության: Իշխանությունները դա բացարձակ չցանկացան անել։ Ուղղակի տապալել են քննությունը, և այդ պատասխանատվությունը կրում է ՀՔԾ պետն անձամբ, և նա պատասխան է տալու դրա համար։

Մանրամասն` այստեղ