8 տարի Նորատուսցի Ալիկին. աղմկոտ սպանության մեղադրական ճառը հրապարակվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հրապարակվեց «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գորժով մեղադրական ճառը։ Դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդեց մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին՝ Նորատուսցի Ալիկին և նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարվա, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ այս գործով անցնում են քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան), Չարբախցի Գեղամը (Պետրոս Իսրայելյան) եւ Բդոն (Արմեն Գասպարյան): Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: