Ցանկանում եմ իմ ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը. Հովհաննես Ազոյան

armtimes.com-ը գրում է

Դերասան Հովհաննես Ազոյանը դիմում էր գրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՔՊ խոսնակը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել:

Այսօր ՀԺ-ի հետ զրույցում Ազոյանն ասաց, որ իր մտադրությունները չեն փոխվել, սակայն ՔՊ-ից դեռ ոչ մի պատասխան չի ստացել: Դերասանը նշեց, որ որոշել է քաղաքականություն մտնել եւ շատ լուրջ նպատակներ ունի:

«Ուղիղ տասը տարի է՝ ինչ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, որն արդեն փոխակերպվել է քաղաքականության: Այս ընթացքում ես անուղղակի զբաղվում էի նաեւ քաղաքականությամբ, այդ ռեսուրսն իմ մեջ կուտակվել է, որը պետք է ռեալիզացվի: Ես պետք է ռեալիզացնեմ իմ ներսում եղած ինֆորմացիան, գիտելիքը, ունակություններն ու քաղաքական տրամաբանությունը: Հեղափոխության ժամանակ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցի, որը շատ հարցերում ինձ պարտավորեցնում է այսօր»,-ասաց Հովհաննես Ազոյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքն էլ է այսօր ինչ-որ չափով պատասխանատվություն կրում հասարակության առաջ: «Հիմա ուզում եմ այդ պատասխանատվությունը կրել դե յուրե, ոչ թե՝ դե ֆակտո, բացի դրանից իմ ունակությունները եւ իմ տեսակը կարելի է օգտագործել Քաղաքացիական պայմանագրի ներսում որպես ընդդիմություն: Ես շատ լավ ընդդիմություն կլինեմ հենց ՔՊ-ի ներսում, որպեսզի կուսակցությունը չլճանա, չճահճանա»,- վստահեցրեց Ազոյանը:

Մեր հարցին, թե այդ ինչ մտքեր են, որոնք վերջինս ուզում է ռեալիզացնել եւ միայն քաղաքականություն մտնելո՞վ է դա հնարավոր, Հովհաննես Ազոյանն ասաց. «Ես շատ եմ ուզում շեշտը դնել մարդու իրավունքների, մարդու ազատության վրա՝ բոլոր առումներով»:

Վերջինս նշեց, որ սոցիալական տարբեր շերտերի, փոքրամասնությունների շահերն է ուզում պաշտպանել: Ազոյանը հայտնեց, որ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»:

Մանրամասն` այստեղ