ՎԻԴԵՈ. Արսեն Թորոսյանը՝ արգելված վայրերում ծխողներին տուգանելու մասին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծխելու համար մեծ տուգանքներ սահմանելու մասին նախաձեռնությանը, որը հանրության կողմից քննադատվում է:

Թորոսյանն ասաց, որ տուգանքն ընդամենը կանխարգելելու համար է: «Չափն էական չէ, որովհետև դու չես ուզում տուգանել մարդկանց, դու ուզում ես պարզապես, որպեսզի նա չխախտի արգելքը»,- ասաց նա:

Թորոսյանի խոսքով՝ ծխախոտն այն հիմնական ռիսկի գործոնն է, որը հանգեցնում է մահացության երկու հիմնական պատճառների՝ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի: Եվ եթե ուզում ենք ունենալ սրտանոթային հիվանդություններից ու քաղցկեղից մահացության ցածր մակարդակ, Արսեն Թորոսյանի խոսքով, պետք է պայքարել հիմնական ռիսկի գործոնի դեմ: «Մեր գործողությունները պետք է դիտարկել միայն դրա շրջանակներում»,- հավելեց նա:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպե՞ս են վերահսկելու, որպեսզի մարդիկ արգելված վայրերում չծխեն: Նա ասաց՝ կվերահսկեն այնպես, ինչպես վերահսկում են մյուս ոլորտները, օրինակ՝ ճանապարհային երթևեկության կանոնները: Նա ասաց, որ եթե, օրինակ, իր ենթական իր աշխատասենյակում ծխի, ինքն իրավասություն է ունենալու նրան տուգանել: