Հզոր պայթյուն է որոտացել, կա 12 վիրավոր

news.am-ը գրում է.

Ռուսթավիում պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը աճել է՝ հասնելով 12 մարդու, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը։

Այսօր ցերեկը հզոր պայթյուն է որոտացել Ռուսթավիի 19-րդ միկրոշրջանում՝ բազմաբնակարան շենքերից մեկի բակում։ Նախնական տվյալներով՝ ավտոտնակի քանդման ժամանակ թթվածնային բալոն է պայթել։

Զոհերի մասին տեղեկություն չկա։ Լրատվամիջոցների տվյալներով՝ տուժածներից առնվազն 5-ը անչափահաս են։ Հատկապես ծանր վիրավորվել է 7-ամյա մի տղա։

Պայթյունի հետեւանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, երեք տան պատուհանների ապակիներ են կոտրվել։ Բնակիչների մի մասը տարհանվել է։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Դեպքի փաստով քննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Անվտանգության կանոնների խախտում լեռնային,շինարարական կամ այլ աշխատանքներ իրականացնելու ժամանակ»։