Գասպարյանը հարվածեց, Հունան Պողոսյանն ասեց՝ պետք ա կգյուլեի. նոր մանրամասներ Շանթ Հարությունյանի գործից

«Հրապարակ»-ը գրում է.

Հունան Պողոսյանի Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո համացանցում սկսվեց տարածվել տարիներ առաջ արված մի տեսանյութ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հունան Պողոսյանը հարվածել է Շանթ Հարությունյանին։

Նշենք, որ այժմ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է նյութերը, որոնք առնչվում են նախկին փոխոստիկանապետի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն կիրառելուն։
«Հրապարակ»-ի հետ զրույցում «Շանթ եւ ընկերներ» գործով մեղադրյալ, ազատամարտիկ, Դավիթ Բեկ գյուղի նախկին համայնքապետ Ալեք Պողոսյանը նշեց, որ չի կարող ասել Հունան Պողոսյանի կողմից հարված եղե՞լ է Շանթ Հարությունյանին, թե՞ ոչ։ Սակայն ներկայացրեց մի դրվագ, որտեղ իրեն սպառնացել է նորանշանակ Սյունիքի մարզպետն ու հայհոյել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. «Երբ մեզ նոյեմբերի 5-ին բռնեցին, արդեն մեզ տարել էին ոստիկանություն, բաժին եկան արդեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ Հունան Պողոսյանի, Սերժի Վաչոյի հետ։

Իրենք մի ամբողջ շքախմբով էին։ Իրենք որ խմբով մտան էն սենյակը, որտեղ ինձ էին պահում, Վովա Գասպարյանն արհամարհական ասաց՝ է՞ս ա նախկին գյուղապետը, սեռական հայհոյանքներ տվեց՝ քո նշանակողի, բան-ման, ասեցի՝ Դուք մի ամբողջ գյուղի եք ասում, գյուղն ա ինձ ընտրել։ Ավելի ճիշտ կլինի այդպես Ձեզ չպահեք։ Հետո ինքն իր պահվածքով եկավ, հարձակվեց վրես, 2 անգամ հարվածեց դոշիս ու դուրս եկան։ Որ դուրս եկան, Հունան Պողոսյանը հետ եկավ եւ ասեց՝ ափսոս կռված տղա ես, թե չէ քո պահվածքի համար պետք ա քեզ գյուլեի, մեկ էլ ավելացրեց՝ մի մտածի, թե դու պրծել ես, վերակենդանացումում գտնվող ոստիկանների գլխից, եթե մազ պակասեց, ես վերադառնալու եմ ու քեզ գյուլեմ։ Գիտեմ, որ Վարդան Վարդանյանի ուսադիրներն են պոկել, Շանթի վրա են հարձակվել, ատրճանակ են պահել ճակատից, Ավետիս Ավետիսյանին են խփել իրենց շքախմբով։ Իրենց արեւին մեզ կոտրում էին էլի, թե դուք ո՞նց եք հանդգնել մեր դեմ դուրս գալու։ Հայաստանում մեր դեմ խաղ չկա, դուք ո՞վ եք եղել, որ տենց»։

Մանրամասները սկզբնաղբյուրում: