«2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են, չեն թողել հաց ուտի….Էնքան էր նիհարել, որ էդ ծանր զենքը չէր կարող անգամ բռնել»

Forrights-ը գրում է.

«Մամա ջան, մենակ կուզեմ, որ էս վաշտից ինձի հանեք: Էս վաշտից, որ ինձի հանեք, ամեն ինչ լավ կլինի: Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա՝ մեր զորամասում…», տխուր էր էդ օրը երեխես, շա՜տ տխուր», Forrights- ի հետ զրույցում պատմում էր հոկտեմբերի 1-ին «Մարտունի 2» զորամասում մահացած շարքային Գևորգ Հարոյանի մայրը` Արմինե Բեգլարյանը:

2 ամիս էր, ինչ 21-ամյա Գևորգը զորակոչվել էր բանակ: Բարձրագույն կրթությամբ, կարմիր դիպլոմով ավարտած որդին կարևորում էր բանակային ծառայությունը, սակայն առաջին իսկ օրից բողոքում էր զորամասից ու վաշտից.

«Ասում էր` մամ, ինձ ստեղ նվաստացնում են, նեղում, ստորացնում: Չեն թողնում հաց ուտեմ, հացը շպրտում են, ասում են` գնա կեր: Տղես անընդհատ ասում էր` մամ ջան, ստեղ սաղ «սվոլըչ» են` կրտսեր սերժանտից սկսած մինչև վերևները, Մենակ գենրենալ Սամվել Կարապետյանն ա կարողանում սրանց հախից գա, հենց անունը լսում են` դողում են… »,- պատմում էր տիկին Արմինեն հուզված։ «2 ամիս ամեն օր տղայիս ծեծել են», շարունակ կրկնում էր մայրը:

Աեպտեմբերի 29-ին Գևորգը զանգում է մորը և խնդրում անպայման գալ զորամաս: Տղայի տխուր ձայնը ստիպում է Արմինեին մեծ տղայի հետ նույն օրը գիշերը Գյումրիից հասնել Արցախ: Գևորգը մորն ու եղբորը մոտենում է բավականին տխուր և ճնշված վիճակում:
«Մի 10 կգ նիհարել էր էդ մի քանի շաբաթվա մեջ, կաշին ու ոսկորն էր մնացել: Հին ու մաշված շորերով էր, առանց մայկայի: Ասեց` գողացել են սաղ: Մեկ էլ հայացքս ընկավ, որ աչքի տակը կապույտ ա: Գևորս ասեց, որ ընկել ա: Հետո շորերը փոխելու ժամանակ տեսա, որ գլխի վրա էլ վերք կա: Էս էլ ասեց, որ խրամատ փորելու ժամանակ ա վնասել: Բայց ես զգացի, որ էս ոչ ընկնելու, ոչ էլ խրամատ փոխելու բան ա: Ուզեցի զորամասի ղեկավարությանն էդ մասին գրեմ, էն էլ տղես չթողեց: Ասեց` մամ, էդպես բան չանես հանկարծ: Երեխես վախեցած էր…»,- հուզմունքը չկարողանալով զսպել՝ասում էր մայրը։

Տեսակցությունից կես ժամ հետո նրանց է մոտեցել Միրզոյան ազգանունով մեկը, որի ներկայությունը սարսափեցրել է Գևորգին: Նա տղային հրամայել է վերադառնալ վաշտ, սակայն մայրը չի թողել, շեշտելով՝ Գյումրիից չի հասել Արցախ, որ կես ժամ տեսնի որդուն: Միրզոյանը տեղի է տվել և ասել, որ շարքային Հարոյանը կարող է մնալ մինչև երեկոյան 8-ը, սակայն տեսակցությունը ձգվել է մինչև ժամը 2-ը: Սա Գևորգի վերջին հանդիպումն էր հարազատների հետ։ Մեկ օր հետո մահվան լուրն են առել։